Համաշխարհային բանկի գործարար տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանում ոռոգման համակարգերի հրատապ վերանորոգման ծրագրին 18 միլիոն դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու որոշումը: Վարկավորումը տրվում է 25 տարով 10 տարի արտոնյալ ժամկետով, libor+ լողացող տոկոսադրույքով:
Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին 30 միլիոն արժողությամբ մայր ծրագիրը սկսվել է 2009 թվականին և ավարտվում է այս տարվա դեկտեմբերին, հավելյալ ֆինանսավորումը կապահովի ծրագրի շարունակականությունը: Ըստ Հապիի՝ լրացուցիչ ֆինանասավորման միջոցով կբարելավվեն 110 կմ ջրագծեր, ինչը էականորեն կնվազեցնի ջրի կորուստները, և նախկինում ոռոգվող 6500 հեկտար տարածք կրկին կոռոգվի:
Այս ծրագրի ընդհանուր գումարը 21 միլիոն դոլար է, 3.4 միլոն դոլարը համաֆինանսավորմամբ հատկացնում է ՀՀ կառավարությունը, իսկ տեղական համայնքները 200000 դոլար արդեն տրամադրել են: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի 7 մարզերի 19 համայնքներում:










































