Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման 85 մասնակիցների: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով քաղաքային իշխանություններին, ոստիկանները քանդել են Օքլենդի հրապարակներից մեկում տեղադրված վրանային ճամբարը: Ձերբակալվածները մեղադրվում են առանց համապատասխան թույլտվության վրաններ կանգնեցնելու մեջ:
Օքլենդի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ այժմ հրապարակը մաքրում են աղբից, իսկ երբ որ աշխատանքներն ավարտվեն, ակցիայի մասնակիցները դարձյալ կարող են հրապարակ վերադառնալ ցերեկային ժամերին:
Երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին, այնտեղ եղել է շուրջ 350 մարդ: Ոստիկանները նրանց ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» ընդհանուր կարգախոսով բողոքի ակցիաները սկսվել են Նյու Յորքում սեպտեմբերին, իսկ հետո տարածվել են ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք քաղաքներում: Շարժման մասնակիցները հանդես են գալիս սոցիալական անհավասարության և ֆինանսական ինստիտուտների չարաշահումների դեմ:









































