Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրներ ունեցող Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ ընտրվելը պետք է հուշի, որ միջազգային հանրությունն այս քայլով փորձում է ինչ-որ կերպ խրախուսել նրան, ընդգրկել իր ծրագրերում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Դրա համար էլ կցանկանայի, որ հայ հանրության շրջանում այս առնչությամբ առաջ եկած անհանգստությունն անցներ: Սա ընդամենը միջազգային հանրության կողմից գործադրվող մեթոդ է: Իսկ ի՞նչ սպասել Արբեջանից` ՄԱԿ-ի ԱԽ-ում ժամանակավոր անդամի ընտրությունից հետո: Նույնը, ինչ Ադրբեջանն արել է սրանից առաջ` ապատեղեկատվության, իր քաղաքական մտապաշարի վրա հիմնված բոլորովին անհիմն մեղադրանքներ, որոնցով նա հանդես է գալիս արդեն տասնյակ տարիներ: Մտածել, որ Ադրբեջանը, ընդգրկվելով այս բարձր մակարդակի կառույցի մեջ, կարող է ավելի քաղաքակիրթ լեզվով հանդես գալ, բացարձակապես պետք չէ»,- ասաց պատգամավորը` նկատելով, որ Հայաստանը այս անդամակցությունից որևէ դրական սպասումներ չպետք է ունենա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտեցումների վրա չի ազդում նաև այն հանգամանքը, որ աշխարհի մի քանի պետություններ անկախացել են ավելի քան կասկածելի հիմքերով, քան Արցախը, որի կայացումն իրականում լեգիտիմ է: «Ադրբեջանն ունի մի կարծրատիպ, համաձայն որի՝ դեռ ոչ մի պետություն չեղած` Ադրբեջանը եղել է: Այնքան ոչ գիտական, պատմությունն աղավաղող տեսակետ… Էլ չեմ ասում նավթագազային գոլորշիներով թունավորված միջազգային հանրությանը… Այդ միջավայրում իրենք ուզում են թունավոր ձկներ որսալ»,- համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:
Ամփոփելով` խորհրդարանականը նկատեց, որ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում պետք է հանդես գա հիմնավորված տեսակետներով և վերջապես ընտրություն կատարի` արդյոք հնարավո՞ր է համաձայնել Մադրիդյան սկզբունքների հետ` որպես բանակցային հիմք: «Ադրբեջանի պնդումներն իրական ազդեցություն չեն կարող ունենալ, բայց եթե Հայաստանը շարունակի ռեալ քաղաքականության մեջ իր պասիվ դիրքորոշումը, չարժե մեծ ակնկալիքներ ունենալ, թե մեր տեսակետը կարող է հաղթող լինել»,– նշեց Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի են ունեցել Արևելյան Եվրոպան ներկայացնող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրությունները։ Իր պատմության մեջ առաջին անգամ ԱԽ-ի ժամանակավոր անդամ է ընտրվել Ադրբեջանը։
Սլովենիան հանել է իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանի օգտին քվեարկել է 155 երկիր, 24 երկիր էլ ձեռնպահ է մնացել։
Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2012 թվականի հունվարի 1-ից։ Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը հայտարարել էր, որ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ մեկտեղ, որոշակի կարգավիճակ ունեն նաև նրա ժամանակավոր անդամները:







































