ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալով՝ Ադրբեջանը փորձում է լուծել իր իմիջի հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը` խոսելով Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու թեմայի շուրջ, քաղաքագետը փորձեց խնդիրը մեկնաբանել մի քանի դիտանկյունից. ներկայացրեց ժամանակավոր անդամակցության հնարավոր մարտահրավերները: Ըստ Կ. Բեքարյանի՝ ցանկացած կառույցի պարագայում, այդ թվում՝ ՄԱԿ-ի, որպեսզի հասականանք, թե ինչ հնարավոր վտանգներ կան, պետք է անդրադառնանք այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակավոր անդամը:
«Այնպիսի ֆունկցիոնալ դաշտ, որը կարող է մեզ անհանգստացնել, վնասել ղարաբաղյան կարգավորմանը, չկա, քանի որ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամը նման իրավասություններ չունի»,- նշեց Բեքարյանը` անդրադառնալով երկրորդ խնդրին: Բեքարյանի տեղեկացմամբ՝ ԱԽ-ի մշտական անդամն ունի նախագահելու և ռոտացիոն սկզբունքով փոխվելու հնարավորություն, նաև սեփական նախագծի առաջադրման հնարավորություն:
«Սակայն պետք է հաշվի առնենք հետևյալը, որ Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունները ՄԱԿ-ում ունեցել են իրենց հստակ օժանդակությունը՝ թե՛ իսլամական երկրների, և թե՛ չմիավորման շարժման երկրների կողմից: Հետևաբար՝ նախագծերի նախաձեռնման հնարավորության տեսակետից Ադրբեջանը ոչ շահում է, ոչ տուժում»,- մեկնաբանեց քաղաքագետը:
Անդրադառնալով այն խնդրին, թե ինչու Ադրբեջանը ձգտեց դառնալ ԱԽ-ի ժամանակավոր անդամ, Կարեն Բեքարյանը նշեց մի քանի հանգամանք, որոնցից մեկը սեփական երկրում հաղթողի իմիջ ձևավորելու ցանկությունն էր: «Ադրբեջանը փորձեց լուծել նաև ժողովրդավար երկրի պատկեր ստեղծելու խնդիրը: Եթե մենք փորձենք վերլուծել այն երկրները, որոնք քվեարկել են Ադրբեջանի օգտին, կտեսնենք, որ դրանք սոցիալապես ծանր դրություն ունեցող երկրներ են, այսինքն՝ Ադրբեջանը ֆինասապես աջակցել է այդ երկրներին»,- հավելեց քաղաքագետը:
Կարեն Բեքարյանը նաև անդրադարձավ Լիբիայի վերջին օրերի դեպքերին, մասնավորապես՝ Քադաֆիի սպանությանը: Քաղաքագետին մտահոգել են Լիբիայում Քադաֆիի դիակի հետ նկարվել ցանկացողների հերթերը: «Այն երկրում, որտեղ այդպիսի բարքեր են տիրում, մոտակա արագ զարգացում չենք կարող սպասել»:








































