– Պարոն Պիոնտկովսկի, Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց վերադառնալ նախագահի պաշտոնին: Ի՞նչ եք կարծում, ներքաղաքական ի՞նչ զարգացումներ, գործընթացներ կարող են ընթանալ այդ որոշումից հետո Ռուսաստանում:
– Իմ կարծիքով և իմ գործընկերների` ռուսաստանցի փորձագետների կարծիքով, այս տարվա սեպտեմբերի 24-ից մենք ապրում ենք այլ քաղաքական իրավիճակում: Ես պատահաբար չեմ օգտագործելու Պուտինի ռեժիմ արտահայտությունը, որովհետև սեպտեմբերի 24-ից պարզ էր, որ Մեդվեդևի դերակատարությունը պարզապես նրանում էր, որպեսզի պահեր այդ աթոռը Պուտինի վերադարձի համար: Այն, որ դա ավտորիտար ռեժիմ էր, ոչ մեկի համար կասկած չի հարուցում: Մենք գիտենք, որ ավտորիտար ռեժիմները կարող են զարգանալ տարբեր սցենարներով, և սեպտեմբերի 24-ը մեզ ցույց տվեց, որ Ռուսաստանում հաստատվում է պարոն Պուտինի ցմահ դիկտատուրան: Մարդիկ ապշած էին: Բոլորը գիտեին, թե ով է Մեդվեդևը, և որ Պուտինը վերադառնում է, անձամբ ես երբևէ չեմ թաքցրել իմ բավական թերահավատ վերաբերմունքը իշխող վերնախավի հանդեպ, բայց միանգամայն լոյալ մարդիկ իսկապես ապշած էին, թե ինչ է տեղի ունենում: Պուտինը ստիպեց Մեդվեդևին գրեթե լացակումած հրաժարվել երկրորդ ժամկետի համար վերընտրվելու իր իսկ երազանքից և առաջարկել Պուտինի թեկնածությունը: Առհասարակ խոշորագույն պետական ինստիտուտների այսպիսի ցինիկ փոխատեղումը` վարչապետի և նախագահի պաշտոնների միջև, բավական վատ տպավորություն թողեց, կարծես իշխանական բարձրագույն պետական ինստիտուտների պղծում լիներ: Եթե հետևում եք ռուսաստանյան իրականությանը, ապա կնկատեք, որ իշխանության նկատմամբ քննադատության աստիճանն այսօր Ռուսաստանում շեշտակի մեծացել է:
Բայց մյուս կողմից` սա չի ենթադրում դժգոհ մարդկանց պատրաստակամությունը դրան ընդդիմանալու: Բացատրեմ, թե ինչու: Ընդհանուր առմամբ, ռուսական էլիտան, որը կարող է փոփոխել գոյություն ունեցող ռեժիմը, որը կարող է հասնել Պուտինի հեռացմանը, շատ բարեկեցիկ է բառիս բուն իմաստով: Ռուսական իսթեբլիշմենթը ռուսական պատմության մեջ` ոչ ցարական շրջանում, առավել ևս` կոմունիստական շրջանում այսքան հարուստ չի եղել, որքան հիմա է: Բոլորին են հայտնի ռուս միլիարդատերերի և միլիոնատերերի արկածները երկրի ներսում և արտերկրում, իսկ սեփական բարեկեցությունը վտանգի տակ դնել ոչ ոք չի ցանկանում, թեև բոլորը հասկանում են, որ Պուտինի վերադարձը աղետ է Ռուսաստանի համար, դա բացարձակ կոռուպցիայի շարունակություն է, դա Պուտինի մտերիմ շրջապատի արտոնյալ վիճակն է և ցանկացած մոդեռնիզացիայի ճանապարհի արգելափակում: Կարծում եմ` բողոքի միակ տարբերակը, որը արդեն իսկ արտահայտվում է, ահռելի չափերի հասնող բիզնեսի հեռացումն է երկրից: Այս տարվա վերջին 9 ամիսներին 50 միլիարդ դոլար է դուրս հանվել երկրից, իսկ ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա նրանք մասայաբար մեկնում են արտերկիր: Այս երկու միտումները ոչ մի լավ բան չեն խոստանում Ռուսաստանի զարգացման համար:
– ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ, այսպես կոչված, «Եվրասիական միություն» ստեղծելու վերաբերյալ առաջարկով: Նախ դա որքանո՞վ է իրագործելի գաղափար և ի՞նչ փոփոխություններ կարող է առաջացնել հետխորհրդային տարածքում:
– Դա բացարձակապես անիրագործելի գաղափար է, և այդ գաղափարին են վերադառնում ոչ միայն Պուտինը, այլ ռուսական ողջ քաղաքական էլիտան` ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ տասներորդ անգամ… Վերհիշեք թեկուզ տասնյակ փորձերը` Բելառուսի և ՌԴ-ի միջև միության ստեղծման վերաբերյալ, որը մշտապես ավարտվում է մի նոր սկանդալով Լուկաշենկոյի և ռուսաստանյան ղեկավարության միջև: Ռուսական քաղաքական էլիտայի մոտ բավական զարգացած է նեոկայսերապաշտական բարդույթը: Պատահական չէ, որ Պուտինը հայտարարեց, թե Խորհրդային Միության փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր: Նա իրեն ցանկանում է տեսնել որպես մի ձգողականության կենտրոն, որպես նոր կայսրություն, որին փորձում են միավորվել, դեպի իրեն են ձգվում իր շուրջը գտնվող արբանյակները: Գիտե՞ք ինչու է այդ ծրագիրն անիրագործելի… Ռուսական իմպերիան երկու անգամ է փլուզվել: 1917 թվականից հետո Կոմունիստական Ռուսաստանը, Կարմիր բանակը հեշտությամբ վերականգնվեցին 1920-22թթ. Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում, չնայած այնտեղ առկա էին այլ գերտերությունների ռազմական-քաղաքական ազդեցություններ: Ինչո՞ւ… Որովհետև Մոսկվան այն ժամանակ առաջարկեց կոմունիզմի գաղափարը, որը ճիշտ չէր, իսկ դրա իրագործումը` հանցավոր, բայց այն ժամանակ դա ոչ ոք չգիտեր, և դա ընկալվում էր միլիոնավոր մարդկանց կողմից, և դա կլանվեց, հրապուրիչ թվաց, քան ազգային ուկրաինական, ազգային վրացական կամ ազգային հայկական գաղափարը: Եվ չգիտես ինչու, Կրեմլում կարծում են, որ հիմա կարող են նույնը կրկնել: Բայց ախր նրանք ոչինչ չեն կարող առաջարկել… Ինչո՞վ կարող է հրապուրիչ լինել Մոսկվայի այսօրվա հետխորհրդային էլիտան… Նա ոչ մի գաղափարախոսություն չունի, դրանք մարդիկ են, ովքեր իրենց գրպաններն են լցնում, և նրանցից բավականաչափ կան նաև հենց հետխորհրդային տարածքում, Ուկրաինայի և Կովկասի կոռումպացվածների էլ ինչի՞ն է պետք մոսկովյան տանիքը, դա նրանց բացարձակապես պետք չէ: Միակ բանը, որը կարող է հրապուրիչ լինել` դա ռուսական էներգառեսուրսներն են: Եթե Մոսկվան դա առաջարկեր` հարևանները գոնե «կխաղային» այդ խաղը, կհամաձայնեին որևէ տնտեսական միասնական գոտու գաղափարի: Բայց արի ու տես, որ «վոժդերը» նավթի ու գազի գների հարցում կիսվել չեն ցանկանում: Ահա վերջին թարմ իրադարձությունը` մեկ շաբաթ առաջ հանդիսավոր կերպով ստորագրվեց համաձայնագիր` ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ, ի դեպ` Հայաստանն էլ միացավ այդ համաձայնագրին… Շատ հետաքրքիր համաձայնագիր է, քանի դեռ չես ընթերցել համաձայնագրի ամենավերջին կետը, որտեղ ամրագրված է, որ առևտուրը չի տարածվում այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են` էներգառեսուրսն ու մետաղը, այսինքն` հենց այն, ինչ հետաքրքրում է այդ երկրներին, այսինքն` դա կգնեն Ռուսաստանից միջազգային գներով: Ահա հենց այս պատճառով այդ ամենը դատապարտված է ձախողման. ե՛ւ Պուտինը, և՛ իր էլիտան հրապուրիչ չեն կարող լինեն: Նրանք պատրաստ կլինեն խաղալ նրանց հետ տարբեր խաղեր, ինչպես խաղում է արդեն 15 տարի Լուկաշենկոն, բայց Եվրասիական որևէ միություն չի ստեղծվի թեկուզ այն պատճառով, քանի որ միասնական տնտեսական գոտի չկա անգամ ՌԴ տարածքում, որովհետև շուկայական տնտեսություն չկա, չկան մասնավոր սեփականության հիմնական ինստիտուտներ, քանի որ մեր բոլոր բիզնեսմենները գիտեն, որ իրենց մասնավոր ունեցվածքը պայմանական է և կախված է քաղաքական էլիտայի լոյալությունից:
– Պարոն Պիոնտկովսկի, արաբական բռնապետների տապալումը, Քադաֆիի դաժան տապալումը կարծիք է ձևավորել, թե մյուս ավտորիտար առաջնորդները խորը հոգեկան ապրումների մեջ են հայտնվել, և նկատի են առնվում նաև հետխորհրդային բռնակալները: Կիսո՞ւմ եք նման կարծիքները:
– Այն, որ Պուտինը մեծ անհանգստությամբ է դիտել այնպիսի տեսարանները, ինչպիսիք էին բանտախցում հայտնված Մուբարաքը և ամբոխի կողմից դաժանաբար ծեծի ենթարկվող Քադաֆին` դա անկասկած է: Բայց յուրաքանչյուր բռնակալ կարծում է, որ դա իր հետ չի պատահի, դա բոլոր բռնակալների պատրանքն է, այդպես է կարծում թե՛ Պուտինը, թե՛ հետխորհրդային տարածքի նրա համախոհները: Չպետք է մոռանալ, որ «նարնջագույն հեղափոխությունները» Հյուսիսային Աֆրիկայում նախևառաջ էլիտաների հեղափոխություն էին… Այնպես որ, ավտորիտար ռեժիմների տապալումը մշտապես կատարվում է առավելապես էլիտաների դավադրության միջոցով, քան մասայական ազգային ընդվզման արդյունքում: Եվ հենց այդ պատճառով եմ ես շեշտում, որ ռուսական էլիտան այնքան բարեկեցիկ ու ապահովված է, որ նախ իր հարստությունը վտանգի չի ենթարկի` հանդես գալով ընդդեմ Պուտինի, թեև հստակ գիտակցում է, որ այս ռեժիմը սպառնալիք է երկրի համար: Բայց մյուս կողմից` նրանք իրենց կարողությունները տեղափոխել են արևմուտք, և երբ քաղաքական իրավիճակը և տնտեսությունը ամբողջությամբ փլուզվեն` նրանք կմեկնեն Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, որտեղ իրենց տներն են, գումարներն ու անշարժ գույքը: Ուստի կարծում եմ, որ ցավոք, Ռուսաստանի պարագայում սցենարը կլինի ոչ թե «գունավոր հեղափոխության» միջոցով, այլ` երկարատև նեխման և տնտեսության քայքայման միջոցով: Բայց այս ձևով ռեժիմի վախճանը ավելի լավը չէ, քան Մուբարաքի ու Քադաֆիի բռնած ուղին:
– Հետխորհրդային երկրներում թափ են առնում քաղաքացիական դժգոհությունները, բողոքի ակցիաները ավելի բազմամարդ են դառնում, կարգախոսները` ավելի խիստ: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ ժամանակահատվածում սա կարող է նշանակալի փոփոխությունների հանգեցնել հետխորհրդային տարածքում:
– Դա կախված է օրինակներից, թե ինչից կարող ենք մենք` նախկին խորհրդային քաղաքացիներս, ոգեշնչվել: Դուք կարող եք ինձ ասել` բայց չէ՞ որ կա մերձբալթյան երկրների օրինակը… Բայց նրանք միշտ մեզ համար օտար են եղել, միշտ արևմտյան, եվրոպական տիպի են ընկալվել: Վերհիշեք խորհրդային ֆիլմերը` մերձբալթյան երկրների հրաշալի դերասանները խաղում էին կամ գերմանացի գեներալների, կամ ամերիկացի լրտեսների դերեր: Ժողովրդավարացման հուժկու ցնցումը հետխորհրդային տարածքում կարող էր Ուկրաինայի օրինակը ծառայել` 2004թ. «նարնջագույն հեղափոխությամբ»: Բայց, ցավոք, մենք տեսնում ենք, որ այն հաջող չիրականացավ` ե՛ւ Մոսկվայի հզոր ճնշման շնորհիվ, որը սարսափում էր Ուկրաինայի օրինակից, ե՛ւ Արևմուտքի անտարբերությունից, ե՛ւ հենց բարեփոխիչների սխալներից, ե՛ւ Յուշչենկոյի ու Տիմոշենկոյի պայքարից, ինչի արդյունքում երկուսն էլ պարտվեցին:
Ես կարծում եմ` հիմա որոշակի օրինակներ մենք տեսնում ենք, թե ինչպես է անհանգստացնում մեր իշխանություններին վրացական փորձը, մասնավորապես այն հաջողությունները, որոնք բոլորն, ի դեպ ամրագրում են անգամ Վրաստանի հակառակորդները, և անգամ Սաակաշվիլիի հակառակորդները հենց երկրի ներսում, օրինակ` ոստիկանական համակարգի բարեփոխումները, ինչը զգալի թեթևացրեց բնակչությանը: Կարծում եմ, ձեզ մոտ` Կովկասում, որքան շատ լինեն հաջողությունները վրացիների մոտ, առավել ևս, երբ նրանք առաջ են շարժվում եվրոպական, քաղաքակիրթ ճանապարհով, այնքան մեծ հույսեր կան դրական փոփոխությունների համար նաև Հայաստանի և Ադրբեջանի համար:








































