Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Комсомольская правда-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Բոլորը հասկանում են, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել։ Մենք առաջին հերթին հենվում ենք այսօր մեզ համար թիվ մեկ խնդրի վրա. «Ադրբեջանի տարածքում՝ Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում հայկական զորքերի առկայություն»։ Հենց որ սկսվի դրանց դուրսբերումը, շատ բան կփոխվի։
Զինված հակամարտության ամենաբացասական մասը «տարածքի օկուպացումն ու էթնիկ մաքրումներն» են։ Բոլորը քաջ գիտակցում են, որ «օկուպացված է» ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև՝ նրան հարակից 7 շրջանները։ Դրանք բոլորը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ամբողջովին մաքրված են ադրբեջանական բնակչությունից։
Մեզ համար կարևոր է վերականգնել Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների փոխհարաբերությունները։ Նրանք պետք է ապրեն նորմալ պայմաններում և պետք է վերադառնան իրենց տները։ Դա առաջնային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար»։









































