ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ սկսվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլը, որով նախատեսվում է AREAL լազերային բարձր հաճախականային գիտահետազոտական գծային արագացուցիչի կառուցում: Հարությունյանը նշեց, որ հուշագրեր են ստորագրվել Գերմանիայի «ԴԵԶԻ» էլեկտրոնային սինքոտրոն կենտրոնի և Շվեյցարիայի Պաուլ Շերերի ինստիտուտի հետ և իրականացվելու է մասնագետների համագործակցություն, սարքավորումների տրամադրում:
Մասնավորապես, ԴԵԶԻ կենտրոնը հայկական կենտրոնին է տրամադրել 3 մլն եվրոյի սարքավորում, և սկսվել է գծային արագացուցիչի շինարարությունը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ արագացուցիչի շինարարությունն արժե 5 մլն եվրո, և նախատեսվում է այն ավարտին հասցնել 2013 թ. գարնանը: Արագացուցիչի օղակի շինարարությունը սկսվելու է 2012 թ. և նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Այս ծրագիրն էլ ընդհանուր առմամբ կարժենա 60 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 4-ի N1478-Ն որոշմամբ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տրվել է գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ:
Սամվել Հարությունյանը նաև շեշտեց, որ 2011-ը միջազգային համագործակցության տեսանկյունից բավական բեղմնավոր է եղել գիտության բնագավառի համար:








































