Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպել է համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն`Ս. Սարգսյանին շնորհվել է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:
Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշաձանին:
Այնուհետև Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցությունների ընդմիջմանը Ս. Սարգսյանը և Դ.Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:
Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:










































