Աֆղանստանում մահափորձ է իրականացվել ներքին գործերի նախարար Բիսմուլա Խանի վրա: Այդ մասին այսօր հայնտնել է France-Presse գործակալությունը` հղում անելով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սադիկ Սադիկին:
Մահապարտ ահաբեկիչը փորձել է Խանին վերացնել, երբ նրա ավտոշարասյունը կանգ է առել Փարվան ավանի մոտ, որպեսզի նախարարի թիկնապահներն աղոթեն:
Ահաբեկիչը, թաքնվելով կամրջի տակ, մոտեցել է թիկնապահներին, վերջիններս նկատել են հանցագործին և կրակ բացել: Տղամարդը ստացած վերքերից մահացել է: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հաղորդվում է, որ Խանը ավտոմեքենայի մեջ չի եղել: Reuters գործակալությանը տված հարցազրուցում Սադիկը պարզաբանել է, որ Խանը մեկնելու էր իր ավտոշարասյունով, սակայն վերջին պահին մտադրությունը փոխել է: Ավտոմեքենայում եղել է նրա տեղակալը:
Խանը Աֆղանստանի ներքին գործերի նախարար է նշանակվել 2010 թվականի հունիսին: Նա նաև Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդին Ռաբբանիի գլխավորած կուսակցության ակտիվ գործիչներից էր:
Հիշեցնենք, որ Ռաբբանին սպանվել է մահապարտ ահաբեկչի կողմից՝ 2011 թվականի սեպտեմբերին: Իսկ հոկտեմբերի 5-ին ձերբակալվել էր վեց հոգուց բաղկացած մի խումբ, որը փորձել էր մահափորձ կատարել ներկայիս նախագահ Համիդ Քարզայի վրա: