Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ալմա Աթիում կայացած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի առաջին նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու թուրք-ադրբեջանական հարաբերություններին.
«Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Երկար տարիներ այդ հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։ Այն մեծ սպառնալիք է ներկայացնում նաև ողջ տարածաշրջանի համար։
Բոլոր միջազգային կառույցները հնչեցրել են իրենց դիրքորոշումը տվյալ խնդրի շուրջ։ Դա առաջին հերթին վերաբերում է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությանը՝ ՄԱԿ-ին, որի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել տվյալ խնդրի շուրջ։ Նմանատիպ բանաձևեր են ընդունել նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը և այլ կազմակերպություններ։
Հակամարտության ընթացքում Ադրբեջանը նաև ենթարկվել է ահաբեկչության։ Մեր երկրում իրականացվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան 2000 խաղաղ բնակիչ։ Ես ցավակցում եմ ոչ վաղ անցյալում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։ Ինչպես միշտ, այսօր էլ մեր երկիրը կանգնած է Թուրքիայի կողքին, մշտապես աջակցելու է Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարում»։








































