2010 թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի Դելֆինարիումի պաշտոնական բացման արարողությունը: Հենց նույն օրը ուկրաինացի էկոլոգները՝ ընդդեմ երևանյան դելֆինարիումի բացման բողոքի ակցիա կազմակերպեցին Կիևում: Այս պիկետին հաջորդեցին ակցիաներ նաև Երևանում. Sunchild փառատոնի շրջանակում ցուցադրվեց «Ծովածոց» ֆիլմը, «Շատ հետաքրքիր մի ֆիլմ, որում մարդիկ ճապոնական ծովածոցում որսում են դելֆիններին անմարդկային պայմաններով: Ֆիլմը նվիրված է այն դելֆիններին, որոնք ապրում են անազատության մեջ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց բնապահպան Սիլվա Ադամյանը`շարունակելով, որ ֆիլմի ցուցադրությունից հետո ներկա պրոդյուսերը, ով հրավիրված էր Հայաստան, իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի Դելֆինարիումի վերաբերյալ:
Երկար ժամանակ է, ինչ բնապահպանները պայքարում են Դելֆինարիումը փակելու համար, բայց առայժմ ապարդյուն: Ս. Ադամյանի համոզմամբ`պետք է թույլ չտալ, որ դելֆինարիումները աշխարհում և մասնավորապես Հայաստանում գործեն: «Հայաստանը ծով չունեցող երկիր է, իսկ դելֆինները չեն կարող դիմակայել քլորացված ջրին. այդ ջրում նրանք և՛ ուտում են, և՛ քնում, և՛ բազմանում, և՛ իրենց դերասանական ունակությունները ցուցադրում, սա բացարձակ անընդունելի է, բարբարոսական վերաբերմունք կենդանիների հանդեպ: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի դելֆինարիումը շարունակի իր աշխատանքը Հայաստանում»,- նշեց բնապահպանը:
Անդրադառնալով իրականացված քայլերին` նա տեղեկացրեց, որ դատական գործընթաց է սկսված «Դելֆինարիումի» իրավական դաշտը ճշգրտելու համար: «Դելֆինարիումը չի անցել բնապահպանական փորձաքննություն: Դատական առաջին նիստը կայացել է, իսկ իրավաբանը շատ հստակ դատարանին ներկայացրել է բոլոր անօրինական գործողությունները, որոնք արվել են: Նոյեմբերին լինելու է դատական երկրորդ նիստը, տեսնենք`ինչ կլինի»,- ամփոփեց Ս. Ադամյանը:






































