«Մեր կուսակցությունը կարիք չունի արտաքին միջամտությամբ նման բլոկներ ձևավորելու, և երբևէ նման միջամտությամբ չի առաջնորդվել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Միացյալ Նահանգները մտադիր է Հայաստանում ստեղծել արևմտամետ լիբերալ բլոկ, որի կազմում ցանկանում է ընդգրկել «Հանրապետություն», «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու հենց կոնկրետ այդ երեք կուսակցությունների անունն է շրջանառվում, և հավելեց, որ դա թերևս կիմանան նրանք, ովքեր նման ինֆորմացիա են տարածում:
Խուրշուդյանը նկատեց, որ «Ժառանգությունը» տարբեր կուսակցությունների հետ շատ նորմալ հարաբերություններ ունի, այդ թվում՝ նաև «Ազատ դեմոկրատների». ««Հանրապետություն» կուսակցության հետ էլ որևէ խնդիր չունենք: Կան կուսակցություններ, որոնց հետ համագործակցում ենք»:
Ինչ վերաբերում է դաշինքների ձևավորմանը և դրանցում «Ժառանգության» մասնակցությանը՝ Խուրշուդյանը նշեց, որ իրենք արդեն հայտարարել են, որ ոչինչ չեն բացառում. «Բայց հիմա դեռ վաղաժամ է խոսել ֆորմատների վերաբերյալ: Դեռ ժամանակ ունենք»:








































