Սիրթում գերի ընկած՝ Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի անվտանգության ղեկավար Մանսուր Դաուն Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Քադաֆիի կյանքի վերջին ամիսների մասին:
Դաուի խոսքերով` Քադաֆին Տրիպոլիից Սիրթ էր տեղափոխվել դեռ օգոստոսին, քանի որ այստեղ նա մեծ թվով համախոհներ ուներ: Դաուն կտրականապես հերքել է այն լուրերը, թե Քադաֆին Սիրթի բնակիչներին օգտագործում էր որպես կենդանի վահան: Նա պատմել է, որ երբ ԱԱԽ զորքերը մոտեցել են Սիրթին, բնակինչերը լքել են քաղաքը, և ոչ ոք նրանց չի խանգարել:
Դաուն պատմել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, Սիրթում Քադաֆին հաճախակի փոխում էր իր ապաստարանը: «Նա անհանգստանում էր տեղի ունեցող իրադարձությունների համար, սակայն չէր վախենում»,- նշել է Դաուն:
Դաուի խոսքերով` վերջին օրերին Քադաֆիի կողմնակիցները ոչ մեծ խմբերով փորձել են դուրս գալ քաղաքից: Ինքը նույնպես այդ ժամանակ նրանց հետ է եղել, սակայն կրակոցից հետո կորցրել է գիտակցությունը, հետևաբար չգիտի, թե հետո ինչ է եղել Քադաֆիի հետ:
Հիշեցնենք, որ երեկ Սիրթը գրավելուց հետո Լիբիայի նոր իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, որը պաշտոնական վարկածով զոհվել է գլխից ստացած վերքից:








































