Հոկտեմբերի 20-21-ը Երևանում ընթանում է Միջազգային եվրոպական կոնգրեսը, որին ներկա են շուրջ 150 մասնակիցներ ողջ Եվրոպայից: Կոնգրեսի նպատակն է նպաստել «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների ինտեգրմանը ԵՄ-ի հետ` քաղաքացիական հասարակության դերի բարձրացման միջոցով:
Այսօր ԱԺ-ում կոնգրեսի մասնակիցները ամփոփում են իրենց աշխատանքների արդյունքները:
Հայաստանում Եվոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը ներկայացրեց երեկվա իրենց աշխատանքների արդյունքները և նշեց, որ քննարկման ժամանակ կոնգրեսին և ԵՄ-ին առաջարկ է արվել ավելի շատ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարությանը և աշխատանք տանել առանձին համայնքների հետ:
Նա նաև տեղեկացրեց, որ քննարկվել է «Արևելյան գործընկերության» դերը ԼՂ հարցի կարգավորման գործում:
Այսօր քննարկվեց նաև այն հարցը, թե ինչքանով է ճիշտ, որ ԵՄ-ն ֆինանսավորում իրականացնի չճանաչված պետությունների, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան, քաղաքացիական հասարակությունների հետ աշխատելու համար:
«Արևելյան գործընկերության» ներկայացուցիչ Դորինաս Գրեյը, խոսելով գործընկերության անդամ պետություններում քաղաքացիական հասարակությունների դերի մասին, մասնավորապես առանձնացրեց հասարակական կազմակերպությունների աշխատանքները: Նա նշեց, որ շատ երկրներում ՀԿ-ները գրանցման խնդիր ունեն, իսկ, օրինակ, Հայաստանում դրանք գրացվելիս խնդիրներ չունեն, բայց պետությունը ուշադրություն չի դարձնում ՀԿ-ների գործունեությանը, և հաշվի չեն առնվում վերջիններիս առաջարկները:
Տեղեկացնենք, որ այսօր Միջազգային Եվրոպական շարժման կոնգրեսը ընդունելու է Երևանյան հռչակագիր, որն ուղեցույց կդառնա արևելյան գործընկեր պետությունների և ԵՄ ինտեգրման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ:









































