«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի մոտից Կենտրոնի ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված Վարդգես Գասպարիին ուզում են մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով /իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը/ և 258 հոդվածի 1-ին մասով` խուլիգանություն /դիտավորյալ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով/:
Ի դեպ, Մարտի 1-ից հետո և այդ իրադարձությունների առնչությամբ կալանավորված բազմաթիվ անձինք դատապարտվեցին հենց այս հոդվածների հատկանիշներով: Նշենք նաև, որ 316 հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Իսկ 258 հոդվածի սանկցիայով նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով` մինչև մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել կառավարության նիստի օրը, երբ բանակի անօրինությունների դեմ բողոքող խմբի, որի մեջ եղել է նաև Վարդգես Գասպարին, վանկարկումների ներքո կառավարական շենքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:









































