Արարատ քաղաքում սեպտեբերի 6-ին իր անչափահաս երկու տղաներին սպանած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ռոզա Հակոբի Ալոյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
«Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոյիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ»,- նշեց Միլիտոնյանը՝ ավելացնելով, որ նախաքննական մարմինը կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ, և գործը կուղարկի դատարան:
Նշենք, որ Արարատի մարզի 34-ամյա բնակչուհի Ռոզա Հակոբի Ալոյանը սեպտեմբերի 6-ին կախելու միջոցով սպանել էր իր երեխաներին` 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյաններին:
Դրանից հետո նա երեխաների դիակները տեղափոխել էր մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին և փորձել իրեն խեղդելով՝ կյանքին վերջ տալ, սակայն չէր կատարել իր մտադրությունը: Ոստիկանությունը ձերբակալել էր Ռոզա Ալոյանին:
Հատկանշական է, որ որդեսպան մայրը Նուբարաշեն հոգեբուժարանում մեկ անգամ ևս ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:
Լուսանկարը` Արտակ Եղիազարյանի











































