«Բանակը անընդհատ պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում, բայց ոչ թե դատափետելու, այլ վերահսկողության տակ պահելու համար»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մտավորականները` զորամասին» ՊՆ նախաձեռնություն-ակցիայի մասնակից Դավիթ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ինքը մշտապես մասնակցում է ՊՆ-ի կողմից նախաձեռնված՝ հանրապետության զորամասերում ժամկետային ծառայություն անցնող զինծառայողների հետ հանդիպումներին և տեսնում է այնտեղ եղած բոլոր լավ և վատ երևույթները: «Ես կարծում եմ, որ բանակը մեր հասարակության անդրադարձն է: Իսկ մեր հասարակությունը հիվանդ է, նույնը կարելի է ասել բանակի մասին: Մեզ մոտ ոչ թե ծովի, այլ ճահճի սկզբունքն է գործում: Բայց բանակի բոլոր հիվանդոտ կողմերի մասին պետք է բացահայտորեն խոսել: Միաժամանակ՝ բանակում հազարումի շերտեր կան, որոնք էլ հաճախ հանգեցնում են անցանկալի հարաբերությունների: Դրանք ծնվում են անկրթությունից, ոչ կանոնակարգված հարաբերություններից, բանակում ծառայող տղաների ընտանիքներից և այլն»,- նկատեց Գասպարյանը:
Ասուլիսի մյուս մասնակից Աշոտ Բլեյանն իր հերթին նկատեց, որ եթե բանկում բարեփոխումներ չկատարվեն, անցանկալի երևույթներն անխուսափելի են: «Մենք թույլ ենք տվել արտոնյալների խավ ստեղծել: Այն դեպքում, երբ խեղճուկրակ մարդկանց զավակները գնում են բանակում ծառայելու, ոմանց տղաները ընդունվում են համալսարան, հետո մագիստրատուրա և ասպիրանտուրա: Ստացվում է, որ քսանյոթ տարեկանում արտոնյալների երեխաներն օրենքով արդեն իսկ ազատված են ծառայությունից: Սա օրենք չէ, սա ամենամեծ ստորությունն է»,- նկատեց Բլեյանը` միաժամանակ հավելելով, որ երկու տարին ծառայության համար շատ-շատ է:
Նա նաև նկատեց, որ բանակի ղեկավարությունը պետք է մշտարթուն վիճակում գտնվի և ինչու ոչ` զգուշանա լրագրողական բացահայտումներից և հանրության մշտական ուշադրությունից` վախենալով վատ հարաբերություններ թույլ տալ բանակի ներսում: «Բանակը արմատական փոփոխությունների կարիք ունի: Հակառակ դեպքում ոչինչ էլ չենք ունենա: Հանենք բանակում առկա խտրությունները և կտեսնենք` ինչպես ամեն ինչ կփոխվի»,- ընդգծեց Աշոտ Բլեյանը:
Հարցին, թե Պնախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը կշտկի՞ բանակում առկա իրավիճակը, Բլեյանը պատասխանեց, որ լարվածությունը պարպելու համար, ինչու՝ ոչ, նման քայլի կարելի է գնալ:









































