Այս տարի օգոստոսին 440 խոշոր հարկ վճարողների
իրացումից հասույթը կազմել է 226.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 8.0%-ով: Պետական եկամուտների կոմիտեի այսօր հրապարակած վերլուծության համաձայն՝ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 265 կազմակերպությունների մոտ` 53.7 մլրդ դրամով և նվազել 165-ի մոտ` 37.2 մլրդ դրամով:
Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 19.5 %-ով և կազմել 85.2 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 174 կազմակերպությունների մոտ շուրջ 34.2 մլրդ դրամով և նվազել` 139-ի մոտ համապատասխանաբար 20.3 մլրդ դրամով:
Արտահանման ծավալները 2011 թ. օգոստոսին կազմել են 31.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 22.6 մլրդ դրամի փոխարեն կամ ավելի են 9.2 մլրդ դրամով:
Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011 թ. օգոստոս ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.9 մլրդ դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 58.5%-ը: 2011 թ. օգոստոսին հարկային մարմնի կողմից կատարվել են 62 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 139.3 մլն դրամի չափով:
01.09.2011 թ. դրությամբ՝ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 86.5 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.0 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 12.6 մլրդ դրամ: Բացի այդ, 2011 թ. օգոստոս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1794.4 մլն դրամի չափով։










































