«Հայկական տնտեսությունը շատ ցավոտ հարված ստացավ ճգնաժամի ժամանակ. 14% անկում արձանագրվեց: Այժմ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակության ներկայացուցիչ Կուրտ Բայերը` հավելելով, որ բանկային համակարգի վրա ճգնաժամը մեծ ազդեցություն չունեցավ, բայց տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէ և այդ պատճառով շատ տուժեց:
Երկրի սահմանների փակ լինելը նա անվանեց «էնդեմիկ» խնդիր և շեշտեց, որ տարբեր պոտենցիալ ներդրողների կողմից Հայաստանն ընկալվում է որպես բարձր կոռուպցիա, ոչ արդար դատական համակարգ ունեցող երկիր, և մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվում են, չեն կարողանում դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները: Նշելով, որ երկրի իշխանությունների կողմից շատ բան արվել է, բայց դեռ շատ բան էլ պետք է արվի՝ Կ.Բայերը ընդգծեց, որ տնտեսությունը պետք է շարժվի դեպի ավելի բարձր ավելացված արժեքի ստեղծում:
Նա տեղեկացրեց, որ տնտեսական տարվա արդյունքների վերաբերյալ ՎԶԵԲ-ի գնահատականները մոտ են ՀՀ կառավարության գնահատականներին` ՀՆԱ աճը կլինի 4-5%, գնաճը` նույնպես 4-5%:









































