Այսօր Ժնևում տեղի ունեցած Առևտրի Համաշխարհային Կազմակերպության Պետական Գնումների Կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին: Այս մասին ասվում է ֆինանսերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու համաձայնագրին անդամակցող շուրջ 45 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` վերջիններիս արտադրողների հետ հավասար իրավունքներով, ինչը խթան կհանդիսանա հայաստանյան արտադրողների համար նոր շուկաներ գտնելու և արտադրությունն ընդլայնելու համար»,- նշված է այդ հաղորդագրությունում: