Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, հայտնում է, որ այս գիշեր Թուրքիայի հարավ-արևելքում ընկած Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում գրանցված թուրք-քրդական բախումից հետո, որին զոհ է գնացել 26 և վիրավորվել 22 մարդ, թուրքական անվտանգության ուժերը սկսել են հետապնդել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին՝ մտնելով Հյուսիսային Իրաք։
Նշվում է, որ օդա-դեսանտային բրիգադներում ընդգրկված մոտ 600 թուրք զինծառայողներ ուղղաթիռներով դեսանտ են իջեցվել Իրաքի հյուսիսում։ Նրանք Իրաքի տարածքում առաջ են շարժվել 4 կիլոմետր։ Միաժամանակ թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին։ Նախնական տվյալներով՝ այդ ամենի արդյունքում զոհվել է 21 քուրդ զինյալ։










































