Ֆրանսիական համալսարանում այսօր, Եվրոպական Միության աջակցությամբ, տեղի ունեցավ «Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում եվրոպական միության փորձը և դրա տեղայնացումը Հայաստանում» խորագրով համաժողով։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը, որը կարևորեց Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության շրջանակում այս համաժողովի անցկացումը: Իր խոսքում նա շեշտեց, որ Հայաստանը պետք է կատարի այն պարտավորությունները, որ ստանձնել է ԵՄ առաջ:
Նա տեղեկացրեց, որ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը ստեղծվել է 1987 թ., և հենց այս ժամանակից է շրջանառության մեջ մտել «Մտավոր սեփականություն» արտահայտությունը, որը կիրառվում է երկու իմաստով`Մտավոր սեփականություն բառի նեղ ասպեկտով` արվեստի գործեր, հեղինակային իրավունք, և արդյունաբերական սեփականությունը: Մտավոր սեփականությունը բաղկացած է չորս հիմնական տարրերից` ապրանքնիշներ, նմուշներ, գծագրեր ու պատենտներ:
Իր խոսքում Ժոել դը Մորզելեկը կարևորեց փաստը, որ մարդը կարողանա պաշտպանել իր իրավունքները: «Հայաստանը եզակի հարստության տեր է: Խոսքն այն յուրահատուկ կենսաբազմազանության մասին, որ ունի Հայաստանը: Այստեղ գոյություն ունեն բույսեր, որ այլուր հնարավոր չէ գտնել:
Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական, քաղաքական, տնտեսական ու մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսի խոսքով` մտավոր սեփականության իրավունքը գոյություն ունի դարեր ի վեր: «Նրանք պաշտպանում են այն տեխնոլոգիաները, սնունդը, դեղամիջոցները, որ օգտագործում ենք»,- ընդգծեց նա` նկատելով, որ արդյունաբերական սեփականության իրավունքը կարող է խթանել Հայաստանում ներդրումները: Նա նշեց նաև, որ ԵՄ-ն նպաստում է տարբեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցմանը, որ վերջիններս խուսափեն զանազան խոչընդոտներից առևտրաշրջանռության ժամանակ:
ԵՄ-ն մտավոր սեփականության ոլորտում համագործակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` այս ոլորտում հաջողությունն ակնառու դարձնելու համար:
Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ այսուհետ Հայաստանի մաքսատունը կվերահսկի մտավոր սեփականության հսկումը հենց սահմանին, ինչը թույլ կտա ապահովել ավելի վստահելի մթնոլորտ Հայաստանում չկեղծված ապրանքների, հատկապես դեղագործական ապրանքների համար:
«Ոստիկանությունը պատրաստել է տասնչորս մասնագետի, որոնք մասնագիտակցել են մասնավոր սեփականության ոլորտում: Հիմա դժվար կլինի արդեն ձեռք բերել կեղծ համակարգչային ծրագրեր ու ապրանքներ: «Արժեքը կարող է թանկ լինել, բայց սպառողը կհասկանա, որ գնել է որակյալ ապրանք»,- շեշտեց նա:
Համաժողովը ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող և ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում թվով երրորդ համաժողովն է, որի նպատակը Հայաստանում որոշում կայացնողներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանն ու լայն հանրությանը ծանոթացնելն է այս ոլորտում տեղի ունեցող եվրոպական զարգացումներին և, ի դեմս միջազգային ու ԵՄ նորմերի, Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացվող ռեֆորմների գործընթացին:








































