Մեծ Բրիտանիայի Էսսեքս դքսությունում ոստիկանությունն այսօր սկսել է տեղահանել Դեյլ Ֆարմ թաղամասում անօրինական կերպով բնակվող իռլանդացի քոչվորներին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ոստիկանության աշխատակիցները սկսել են քանդել ցածրահարկ աղյուսե տների պատերը: Շենքերի որոշ բնակիչներ խոստացել են մինչև վերջ դիմադրել: Նրանցից ոմանք ոստիկանության վրա քարեր և հեղուկով լցված շշեր են նետել և թաքնվել բարիկադների հետևում:
Էսսեքսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ դիմադրողներից երկուսի դեմ ստիպված են եղել էլեկտրաշոկ գործադրել: Մեկ մարդ ձերբակալվել է:
Քոչվորները Բեսսիլդոնի շրջակայքում սկսել են բնակություն հաստատել 1980-ական թթ., երբ մի քանի ընտանիքներ խոշոր հողային տարածքներ գնեցին: Սակայն հետո նրանց կողքին հիմնավորվեցին այլ քոչվորներ, որոնք արդեն սկսեցին տներ կառուցել մունիցիպալ հողերի վրա: Ընդհանուր առմամբ, Դեյլ Ֆարմում ապրում է շուրջ 1000 քոչվոր:









































