Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ և Ալիևին մաղթել հաջողություններ իր գործունեության մեջ։
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ շնորհավորանքի ու արժանացրած ուշադրության համար։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև թուրք-ադրբեջանական երկկողմանի հարաբերությունների հարցը և գոհունակություն հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացումից։
Նրանք վստահություն են հայտնել, որ այսուհետ նույնպես այդ հարաբերությունները զարգացում են ապրելու։
Հիշեցնենք, որ ներկայումս երկու երկրների միջև առկա են մի շարք լուրջ խնդիրներ. թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին Թուրքիան Ադրբեջանից պահանջում է վերանայել Իսրայելի հետ իր հարաբերությունները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պատճառով ինքը 18 տարի շարունակ փակ է պահում հայ-թուրքական սահմանը։ Մինչդեռ Ադրբեջանը ներկայումս հանդիսանում է Իսրայելի հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկիրը։
Ի դեպ, թուրքական այս պահանջից ընդամենը 5 օր անց անվավեր ճանաչված հայ-թուրքական արձանագրությունները վերադարձան Թուրքիայի խորհրդարանի օրակարգ։
Բացի այդ, ամիսներ ի վեր շարունակվում են թուրք-ադրբեջանական գազային բանակցությունները, և կողմերն առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվածության հանգել ադրբեջանական գազի գնման ու տարանցման շուրջ։
Թուրքիան նաև Ադրբեջանից պահանջում է իր քաղաքացիների համար վերացնել գործող անցագրային ռեժիմը, քանի որ ինքն այդ քայլին միակողմանիորեն գնացել է դեռևս 4 տարի առաջ։ Սակայն Ադրբեջանը հրաժարվում է դա անել՝ պատճառաբանելով, որ եթե գնա այդ քայլին, ապա Իրանն իրենից կպահանջի նույն կերպ վարվել իր պարագայում։









































