Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ իրեն սկսել է զայրացնել վրացական կողմի փոփոխական դիրքորոշումը՝ դեպի ռուսական շուկա վրացական գինիների վերադարձի հեռանկարի կապակցությամբ.
«Սկզբում վրացական կողմը հայտարարեց, որ ցանկանում է վերսկսել գինու մատակարարումները։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք դիտարկել այդ հայտը։ Ապա սկսվեց վրացի քաղաքական գործիչների հերթական հիստերիան, թե մենք ռուսական շուկայի կարիքը չունենք։
Մեր շուկայի կարիքը չունեք, թո՛ղ այդպես լինի։ Այդ մանրածավալ մատակարարումները ոչ մի կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ռուսական շուկայի վրա։ Ձեզ համար այլ քաղաքական փաստարկներ որոնեք»։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի ներկրումն արգելել է 2006 թ. գարնանը՝ ռուս-վրացական հարաբերություններում լարվածություն առաջանալուց հետո։ Այդ արգելքը ռուսական կողմը «պատճառաբանել» էր վրացական արտադրանքի ցածր որակով։
Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բազմիցս ծաղրական տոնով շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, քանի որ դրանից հետո վրացական կողմը ստիպված է եղել բարելավել իր գինու որակը՝ նոր (եվրոպական) շուկաներ ներթափանցելու համար։
Մի դեպքում էլ Սաակաշվիլին նկատել է, որ եթե տարեկան Վրաստան այցելի 5 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ (գրեթե Վրաստանի բնակչության չափ), ապա վրացական գինին կարող է սպառվել երկրի ներսում և չարտահանվել։










































