News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դրանից զրկված վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և ցանկացած այլ մարդ կարող է դիմել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սաակաշվիլիի խոսնակ Մանանա Մանջգալաձեն.
«Բիձինա Իվանիշվիլին իրավունք ունի քաղաքացիություն ստանալու հարցով դիմել, ինչպես և ցանկացած ոք։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի հետագայում, կսպասենք իրադարձությունների զարգացմանը։ Սրանից առաջ Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելը տեղի է ունեցել օրինական ճանապարհով։
Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ բոլոր հարցերն իրավաբանական տեսանկյունից լիովին համապատասխանում են Վրաստանի օրենսդրությանը»։
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականի հուլիսի 22-ին։ Սակայն այն բանից հետո, ինչ նա օրեր առաջ հայտարարեց, որ Վրաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է հիմնի կուսակցություն և մասնակցի 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նրան և նրա կնոջը զրկեցին Վրաստանի քաղաքացիությունից։
Այժմ Իվանիշվիլիի անձնական փաստաբան Էկա Բեսելիան մտադիր է դատական հայց ներկայացնել Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ վերջինիս արձակած թիվ 602 հրամանի համար, որով Իվանիշվիլին ու նրա կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից։









































