«Վիրտուալ հարաբերությունները կարող են երիտասարդների շրջանում հետագա սեռական պաթոլոգիաների պատճառ դառնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը` անդրադառնալով վիրտուալ հարաբերությունների ազդեցությանը սեռական հարաբերությունների վրա: «Վիրտուալ շփումները ոչ առողջ հարաբերություններ են, որտեղ մարդիկ ավելի ազատ են: Այն, ինչ չեն կարողանում ստանալ կյանքում, ստանում են վիրտուալ տարբերակով»,- համատեղ ասուլիսի ընթացքում մեկնաբանեց հոգեբան Լաուրա Պետրոսյանը:
Խոսելով սեռակրթության թեմայի շուրջ` Ս. Հակոբյանն ասաց, որ սեռակրթությունը
դասավանդման որոշակի հմտություններ է պահանջում: «Ըստ էության` այս ոլորտով կարող են զբաղվել միայն կոմպետենտ և գիտակ մարդիկ, որ կարողանան համապատասխանեցնել ծրագրերը տարիքային խմբերին և ինտելեկտուալ խմբերին: Սեռակրթության բացերը կարող են անդրադառնալ սեռական կյանքի այս կամ այն ոլորտի վրա»,- նշեց սեքսապաթոլոգը` խորհուրդ տալով ծնողներին երեխաներին սեռապես դաստիարակել դեռահասությունից առաջ, որպեսի դեռահասը պատրաստ լինի իր օրգանիզմում տեղի ունենալիք փոփոխություններին:
Ըստ հոգեբանի` Հայաստանում սեռական կրթությունը խնդիր է: «Մեզ մոտ ազգային պատկանելության խնդիր կա, որովհետև շատ ընտանիքներում սա շատ բաց է, և այս բացը զգացվում է բոլոր ոլորտներում»,- մեկնաբանեց հոգեբանը` խորհուրդ տալով սեռական բարդություններից խուսափելու համար սեռական դաստիարակությունը սկսել վաղ տարիքից, բայց այս դեպքում շատ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ծնողի գիտելիքները:
Բանախոսներն անդրադարձան տեղեկատվության «բացությանն»` ասելով, որ այն մեծ նշանակություն ունի, քանի որ կարող է նաև դեզինֆորմացիա տարածել: «Ապատեղեկատվությունը շատ մասսայական բնույթ է կրում, երիտասարդը, չունենալով բավականաչափ գիտելիքներ, կարող է տեսնել սեռական հարաբերություններ և փորձել, որը կարող է ի հայտ բերել անոմալ երևույթներ»,- նշեց Ս. Հակոբյանը:









































