Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և ծրագրի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արուս Հարությունյանը ներկայացրեցին իրենց իրականացրած ծրագրի արդյունքները: Հովսեփյանը տեղեկացրեց, որ ծրագիրը գոյություն ունի 2009 թվականից, և այն նպատակ ունի պարզելու լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց պաշտպանվածության աստիճանը, նրանց հուզող խնդիրները, և թե Երևանի, Գյումրիի ու Վանաձորի բնակիչներն ինչ կարծիք ունեն ԼԳԲՏ-ի մասին:
Ներկայացնելով երեք քաղաքներում իրենց անցկացրած հարցման արդյունքները` Արուս Հարությունյանը տեղեկացրեց, որ 1156 հարցազրույց է անցկացվել և պարզվել է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը հիմնականում անհանդուրժողական է:
Նա նշեց, որ հարցվողների մոտ գիտելիքներն այս անձանց մասին սահմանափակվում են նույնասեռականների մասին ունեցած գիտելիքներով, ինչը բացատրվում է կարծրատիպերով: Հարցվողների 15 տոկոսի համար ԼԳԲՏ անձանց մասին տեղեկատվություն ստանալու աղբյուր է հանդիսանում համացանցը:
Հարցվածների 18.6 տոկոսը ԼԳԲՏ անձանց հակումները դիտում է որպես հիվանդություն, 12,7 տոկոսը` արտասահմանյան երկրների ազդեցություն, 10.8-ը` դաստիարակություն, 9.8-ը` համացանցային շփումներ:
Հարությունյանը նկատեց, որ հարցվածների 27.4 տոկոսը վիրավորանքներով է խոսել ԼԳԲՏ անձանց մասին, 17,4-ը բացասական վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ, և միայն 11,5 տոկոսն է հանդուրժող, իսկ 2.5 տոկոսը կարեկցանք է զգում նման անձանց նկատմամբ. «Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ հարցվածների 49,6 տոկոսն առավել անհանդուրժող էԼԳԲՏ անձանց նկատմամբ»:
Արուս Հարությունյանը նաև նկատեց, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ առավել հանդուրժող են կանայք, քան տղամարդիկ, և հարցին, թե կօգնե՞ք ԼԳԲՏ անձանց, եթե տեսնեք, որ նրանց բռնության են ենթարկում, հարցվածների մեծ մասը և մասնավորապես` տղամարդիկ նշել են, որ անտարբեր կանցնեն, սակայն կին սեռական փոքրամասնությունների նկատմամբ տղամարդկանց վերաբերմունքն առավել հանդուրժող է:
Ընդհանրացնելով արդյունքները` Արուս Հարությունյանը նշեց, որ ԼԳԲՏ անձանց մասին ամենատեղեկացվածներն ու ամենահանդուրժողները 18-20 տարեկան երևանաբնակներն են և բարձրագույն կրթությամբ կին հարցվողները:









































