Նոր iPhone 4S սմարթֆոնների օգտատերերը Եվրոպայում բողոքում են, որ խափանվել են սարքավորման աշխատանքները: Սմարթֆոններից չեն կարողանում զանգել, հաղորդագրություններն ուղարկվում են ընդհատումներով, համացանց մտնելը անհնարին է և այլն: Բազմաթիվ բողոքները ստիպել են գերմանական T-Mobile կապի օպերատորին իր կայքում հայտարարություն տեղադել Apple էլեկտրոնային սարքավորման օգտատերերի համար: Այս մասին հաղարդում է газета.ru կայքը:
Ընկերությունը հայտարարել է, թե խնդիրն այն է, որ մեծ թվով օգտատերեր միաժամանակ փորձել են ներբեռնել iOS 5 օպերացիոն համակարգ: Որոշ դեպքերում Apple-ի սմարթֆոններն ընդհանրապես դադարել են աշխատել, քանի որ չեն կարողացել միանալ սերվերին:
Հիշեցնենք, որ iPhone 4S-ի նոր տարբերակը վաճառքի էր հանվել հոկտեմբեիրի 14-ին: Այն աշխատում է Apple iOS 5 օպերացիոն համակարգի հիմքի վրա: Նախորդ մոդելից արտաքինով շատ քիչ է տարբերվում, սակայն ունի ավելի հզոր A5 պրոցեսոր, 8 մեգապիքսել տեսախցիկ, որը կարող է նկարել նաև վատ լուսավորության պայմաններում:








































