«Իրանը գտնվում է շատ դժվար իրավիճակում: Միացյալ Նահանգների կողմից այսօր շրջանառվում են իրանական ահաբեկիչների մասին լուրերը: Իհարկե հարցական է, թե ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը, սակայն վտանգ կա, որ Իրանին կարող է հարված հասցվել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Իրանի արտգործնախարարի հայտարարությանը՝ կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը:
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա նաև հավելել էր, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են ունենալ նշանակալի դեր:
Կռիլովը նկատեց, որ հենց այդ վտանգը հաշվի առնելով՝ Իրանը փորձում է իր դերակատարությունը ամրապնդել Հարավային Կովկասում: Ըստ նրա՝ Իրանն այսկերպ փորձում է դուրս գալ դիվանագիտական շրջափակումից:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ կարող է առաջարկել Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ Կռիլովը նկատեց, որ դժվար թե Իրանն ինչ-որ կոնկրետ առաջարկություն կարողանա անել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը միշտ էլ Իրանի նկատմամբ վատ վերաբերմունք ունի՝ կարծելով, թե վերջինիս դիրքորոշումը հայամետ է:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հաջորդել է ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե ներկայումս քննարկվում է խաղաղապահների տեղակայման հարցը, Կռիլովը նկատեց. «Ես կասկածում եմ, որ իրականում քննարկվում է խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում: Այդ հարցը պետք է քննարկեն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Թուրքիան, բայց այս երկրների կողմից որևէ նման հայտարարություն կամ ինֆորմացիայի արտահոսք չի եղել»:








































