Աբովյան-Կորյուն գետնանցումի առևտրականները կշարունակեն իրենց առևտուրը: Առևտրականների պայքարը կարծես տվեց իր արդյունքը. կասեցված է գետնանցումի կրպակների վաճառքի գործընթացը:
Տեղեկացնենք, որ քաղաքապետի` գետնանցումային կրպակներն օտարելու մասին որոշման դեմ առևտրականները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և՛ քաղաքապետարանի, և՛ նախագահականի առջև: Վերջին ակցիան տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ի առավոտյան՝ նախագահականի առջև:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում «Գետնանցում» ՍՊԸ-ի տնտեսվարողներից մեկը հայտնեց, որ նույն օրը առևտրականները գնացել են քաղաքապետարան՝ վաճառքի սեփականատերերի մրցույթի արդյունքները պարզելու համար, սակայն մրցույթի հաղթող «Անցում-1» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հրաժարվել է մրցույթի արդյունքներից: Մեզ հետ զրույցում քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանն ասաց, որ մրցույթը չեղյալ է համարվել, քանի որ հաղթողը հրաժարվել է արդյունքից:








































