Երեկ, երեկոյան ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Այս առթիվ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը պարզաբանում է տվել լրատվամիջոցներից մեկին: Այն հարցին, թե Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորները արդյո՞ք իրավունք ունեին գտնվել Սևանի ճանապարհին:
Ու՞մ մեղքով է տեղի ունեցել խաղաղ պայմաններում ևս մեկ զինվորի կորուստը, Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեցել են կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չեն ունեցել դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը:
Վլադի Գասպարյանը կոչ է արել զինծառայողների ծնողներին և ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետևանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետևանքներով: «Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»,-ասել է նա:









































