Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի Արևելք-Արևմուտք հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը.
«Ես երբեք չեմ քննադատել պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականությունը։ Ես պարզապես զգուշացնում էի, որ պաշտոնական Բաքվի մոտ բացակայում են արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչն էլ լուրջ բարդություններ է առաջացնելու։ Ցավով նշում եմ, որ հենց այդպես էլ եղել է։
Պաշտոնական Բաքուն երկար ժամանակ պնդում էր, որ իրականացնում է արտաքին քաղաքականության հավասարակշռված կուրս։ Սակայն այսօր քաղաքականությունից այնքան էլ չհասկացող մարդու համար ակնհայտ է, որ անհնար է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալը Իրանի և ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի, Թուրքիայի և Իսրայելի հետ։ Ես դեռ չեմ թվարկել այդ «հավասարակշռության» բոլոր տարբերակները։
Այսօր անհնար է գտնել գեթ մեկ երկիր, որին կարելի լինի համարձակորեն անվանել Ադրբեջանի դաշնակից։ Եթե պաշտոնական Բաքվի այդ քաղաքականությունը հանգեցրել է անգամ եղբայրական Թուրքիայի հետ բարդությունների առաջացմանը, ապա Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մասին կարելի է ընդհանրապես չխոսել։
Եթե այնպիսի «թույլ» գործիքը, ինչպիսին որ WikiLeaks-ն է, ի վիճակի է եղել խարխլելու պաշտոնական Բաքվի ու նրա գործընկերների միջև վստահությունը, ապա դա նշանակում է, որ որևէ գործընկերային հարաբերություն չի էլ եղել»։







































