Զարուհի Պետրոսյանի` ամուսնու ծեծի հետևանքով մահանալուց հետո ստեղծված կոալիցիան` ի դեմս Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գևորգյանի, գոհ է նրա ամուսնուն` Յանիս Սարկիսովին, 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշումից: Այս մասին իրավաբանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Հոդվածը, որով Յանիս Սարկիսովին մեղադրանք էր առաջադրված, հենց այդքան` 10 տարվա առավելագույն ազատազրկում էր նախատեսում: Բնականաբար գոհացուցիչ է, որ դատարանն անկողմնակալ և պրոֆեսիոնալ գտնվեց: Սրանով էլ հերքվեցին բոլոր այն խոսակցությունները, թե դատարանները հաճախ ճիշտ որոշումներ չեն կայացնում»,- նկատեց Սաթենիկ Գևորգյանը` հավելելով, որ բռնարարները միշտ էլ պատժվում են:
Նա նաև նշեց, որ, իր տեղեկություններով, Յանիս Սարկիսովի պաշտպանությունը փորձելու է առավել բարձր ատյաններում վիճարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` նպատակ ունենալով հասնել առավել մեղմ պատժաչափի:
«Ինչ վերաբերում է Զարուհու երեխային, որքանով մենք ենք տեղեկացված, նա այժմ Յանիսի մոր մոտ է»,- ամփոփեց իրավաբանը:
Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, Մասիսի նստավայրում հոկտեմբերի 14-ին 10 տարվա ազատազրկման էր դատապարտել Յանիս Սարկիսովին, որը մեղավոր էր ճանաչվել գրեթե մեկ տարի առաջ սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին, դաժանաբար ծեծելու մեջ, ինչն էլ հանգեցրել է վերջինիս մահվանը:
Դատաքննության ողջ ընթացքում վկաների մեծ մասը պնդել են, որ մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել Յանիս Սարկիսովի և նրա մոր կողմից, իսկ դեպքի օրն էլ` սեպտեմբերի 30-ին, նրան ծեծելով հրել են աստիճաններից:
2010-ի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, և մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 3-ին, մահացել էր:
Յանիս Սարկիսովին ձերբակալել էին և մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:
Հատկանշական է, որ Սարկիսովը ողջ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Հիշեցնենք, որ Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) ստեղծել էին կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն էր և քրեական գործի արդար ընթացքին հետամուտ լինելը:








































