«Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում են «Օկուպացնենք Ուոլ Սթրիթը» ակցիայի շրջանականերում տեղի ունեցող ցույցերը: Մոտավորապես 250 մարդ վրաններ է տեղադրել Սուրբ Պողոսի տաճարի դիմաց»,- հայտնում է MIGnews.com կայքը:
Անցած օրը մոտ 2000 մարդ մասնակցել է Լոնդոնում տեղի ունեցած ակցիային, իսկ 500-ը գիշերել է փողոցում:
Հոկտեմբերի 15-ին «Օկուպացնենք Ուոլ Սթրիթը» շարժման ակցիաները տեղի են ունեցել աշխարհի 82 երկրներում:
Հիշեցնենք, որ ամենազանգվածային և ագրեսիվ ցույցը տեղի է ունեցել Հռոմում, մասնակցել են հարյուր հազարից ավելի ցուցարարներ, կան 70 վիրավորներ և 15 ձերբակալվածներ:
«Օկուպացնենք Ուոլ Սթրիթը» շարժումն անցած ամիս սկիզբ էր առել Նյու Յորքում: Ցուցարարները բողոքում են ֆինանսական ճգնաժամի, խոշոր ընկերությունների և բանկերի վարած քաղաքականության դեմ:









































