«Բանակում կատարվող ողբերգական իրադարձություններին հանգիստ հետևելը և ամեն անգամ խաղաղ պայմաններում մահվան դեպքերը իբրև ինքնասպանություն ներկայացնելը լկտիության բարձրագույն մակարդակ է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին ասաց դերասան Աշոտ Ադամյանը:
«Ես համարում եմ, որ բանակը փտած համակարգ է, որ ինքն իրեն առողջացնել չի կարող: Առողջացման միակ միջոցը ժողովրդի իշխանության հաստատումն ու օրենքի գերակայությունն է: Բանակում հաստատված անպատժելիության մթնոլորտը ձեռնտու է ոմանց, խնդիրների հանդեպ զրոյական վերաբերմունք է ցուցաբերվում: Բոլորը առաջնորդվում են ինքնարդարացման մեխանիզմներով»,- նկատեց դերասանը` հավելելով, որ Զինված ուժերում առկա մթնոլորտը հեռու է մեկ անձով պայմանավորված լինելուց: «Բանակում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ. այդ կառույցը գնալով ավելի ու ավելի անմարդկային կերպար է ստանում»,- ամփոփեց արվեստագետը:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին հայկական Զինված ուժերում պաշտոնական վարկածով 3 զինծառայող է ինքնասպան եղել: Նրանցից վերջինը Արամ Աշոտի Մելքոնյանն էր, ով հոկտեմբերի 13-ին Իջևանի զորամասում, պաշտոնական վարկածով, ինքնասպան էր եղել: Նա 21 տարեկան էր, այս տարի ավարտել էր Երևանի ժողտնտեսության ինստիտուտը և մեկնել բանակ:
Հոկտեմբերի 12-ին, Հայաստանի զորամասերից մեկում մահացել էր 19-ամյա Յուրիկ Ներսիսյանը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, «ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված զենքով», իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 9-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում, կրկին պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինքնասպան էր եղել 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը:









































