ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Աֆրիկայի երկրներ զորքեր տեղափոխելու իր մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Կոնգրեսին ուղղված իր նամակում Օբաման հայտնել է, որ զինվորների առաջին խումբը Ուգանդա է տեղափոխվել դեռ չորեքշաբթի: Բացի այդ, ԱՄՆ բանակի ստորաբաժանումները առաջիկայում կտեղափոխվեն հարավային Սուդան, ՀԱՀ և Կոնգո:
Նոր արշավի հիմնական նպատակն է օգնել տեղի իշխանություններին «Դիմադրության աստվածային բանակ» ավազակային խմբավորման դեմ պայքարում: Ընդ որում՝ ամերիկացի զինվորները կմասնակցեն միայն խմբավորման առաջնորդին փնտրելու գործողություններին`հանդես գալով որպես խորհրդականներ, իսկ մարտերին կարող են մասնակցել միայն ինքնապաշտպանության նպատակով:
«Դիմադրության աստվածային բանակ» խմբավորումը հիմնվել է 1987թ.: Այն, խմբի հիմնադիրների խոսքերով, նպատակ ունի պայքարել քրիստոնեական 10 պատվիրանների պահպանման համար: Սակայն կազմակերպության անդամների դավանանքն իրենից ներկայացնում է քրիստոնեության և տեղական հավատալիքների խառնուրդ: Խմբավորումը հայտնի է զանգվածային սպանություններով և առևանգումներով: Ընդ որում՝ նրանք առևանգում են առավելապես երեխաների` պատճառաբանելով, որ նրանք դեռ թաթախված չեն աշխարհի կեղտի մեջ, այնուհետև նրանց դաստիարակում են իրենց կանոններով և դարձնում խմբավորման զինվորներ: