«Առավոտ»-ի խմբագիրը գրում է.
«Բրիտանիայի պաշտպանության նախարարը կամավոր հրաժարական է տվել, որովհետև «խառնել է սեփական բուրդը» պետականի հետ, կամ, ինչպես ինքն է արտահայտվել` օգտագործելով շատ ավելի նրբանկատ ձևակերպում՛ «ինձ թույլ եմ տվել լղոզել իմ սեփական շահերի և կառավարությունում գործունեության միջև եղած սահմանը»: Բանն այն է, որ նախկին նախարարը թույլ էր տալիս իր լավագույն ընկեր Ադամ Վերիթիին ակտիվորեն մասնակցել նախարարության աշխատանքներին՝ անձնական խորհրդատուի կարգավիճակով»,- ապա հավելում է.
«Հայաստանում նման բան հնարավոր չէ մի քանի պատճառով: Նախ, կառավարության անդամների և ընդհանրապես իշխանության գործունեությունը դուրս է հասարակության վերահսկողությունից. մենք ստույգ չգիտենք, թե ում հետ են նախարարները մեկնում պաշտոնական արտասահմանյան ուղևորությունների: Եվ եթե նույնիսկ նման տեղեկատվություն հայտնվում է մամուլում, ապա այն շատ նման է բամբասանքի, քանի որ լրատվամիջոցը կարողացել է տեղեկություն հայթայթել տվյալ պաշտոնյայի գործունեության մասին միայն այն պատճաոով, որ «չուզողություն» դրսևորող մեկ այլ պաշտոնյա այս մեկի վրա «գործ է տվել»: Երկրորդ պատճառն այն է, որ առնվազն վերջին քառասուն տարվա ընթացքում ցանկացած հայաստանցի, որը ստանձնում է ցանկացած պաշտոն` սկսած կոմսոմոլի շրջկոմի հրահանգչից կամ գյուղապետից, վստահ է, որ նա այդ աթոռին է նստում հենց անձնական և ոչ թե պետական շահերը պաշտպանելու համար: Եվ դա «ինքնին հասկանալի է» նաև բոլոր մնացած մարդկանց համար: Իշխանություն ստացած մարդը Հայաստանում ամենևին չի գիտակցում, որ դա ժամանակավոր ծառայություն է, և մտադիր է իշխել մինչև սեփական վերջին շունչը:
Բայց կա մեկ հիմնական պատճառ, որի հետ համեմատած՝ բոլոր մնացած պատճառներն անկարևոր են դառնում, հասարակությունը թեև արտաքուստ և մի քիչ երեսպաշտորեն դատապարտում է մեր պաշտոնյաների պահվածքը և օրինակ է բերում եվրոպացիների վերը շարադրված վեհանձն կեցվածքը, բայց հոգու խորքում գտնում է, որ պաշտոն ունենալով՝ քավորին կարելի է և պետք է լավություն անել՝ բա ո՞ւր մնացին մարդկությունը, թասիբը և ջիգյարը»:




































