Վերջին մեկ տարվա ընթացքում Ճապոնիայում ծխախոտի վաճառքը կրճատվել է 60 %-ով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Japan Tobacco ծխախոտագործական ընկերության տվյալները: Ճապոնացիների համար, որոնք երկար ժամանակ համարվում են աշխարհի ամենաշատ ծխող ազգերից մեկը, սա իսկական «բեկումնային» ցուցանիշ է:
Գործակալությունը հաղորդում է, որ այդ միտման պատճառը ծխախոտի բարձր գներն են: Անցյալ տարի Ճապոնիայի կառավարության «հարկային ճնշման» տակ ծխախոտագործական ընկերությունները ստիպված էին մի քանի անգամ բարձրացնել ծխախոտի գինը: Արդյունքում մեկ տուփ ծխախոտի միջին գինը տատանվում է 4-6 դոլարի սահմաններում:
Սեպտեմբերին Ճապոնիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է դարձյալ բարձրացնել հարկերը` ցունամիից և երկրաշարժից տուժած երկրի վերականգնման համար գումար հավաքելու նպատակով: Իշխանությունների տվյաներով, ծխախոտի գինը պետք է բարձրանա այնքան, մինչև այն հասնի 9.15 դոլարի:
Japan Tobacco-ի են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Camel-ը, Winston-ը, Mild Seven-ը, More-ը, Salem-ը, Sobranie-ն, Glamour-ը, Silk Cut-ը, Monte Carlo-ն, LD-ն:








































