Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը «Հիլթոն» հյուրանոցում մասնակցել է «Ադրբեջանի հետհակամարտային տարածքի վերականգնումը. հայեցակարգային հիմքեր» խորագրով գրքի շնորհանդեսին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է ակտիվացնեն Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, և թե՛ մյուս պետությունները, ողջ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դեր խաղան այս հակամարտության կարգավորման գործընթացում և անտարբերություն չդրսևորեն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վարած «ագրեսիվ» քաղաքականության նկատմամբ։
Ցայժմ չիրագործված են մնում ՄԱԿ ԱԽ-ի ընդունած 4 բանաձևերը, ինչն առաջ է բերում շատ հարցեր։ Մյուս կողմից էլ դա ի ցույց է դնում համաշխարհային քաղաքականության մեջ երկակի ստանդարտների առկայությունը»։








































