«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին թուրք թատերասերների ուշադրությանը կներկայացվի հայ լավագույն երգիծաբաններից Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը։
Hurriyet Daily News-ի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ռեժիսոր Էնգին Ալջանը պատահմամբ է տեղեկացել Պարոնյանի պիեսի մասին։
«Նա Պարոնյանի մասին մի հոդված է տեսել «Նեմեսիս» անունով թուրքական հանդեսում, ընթերցել, հետաքրքրվել է, սկսել է ինտերնետով տեղեկություններ հավաքել 19-րդ դարի հայ հեղինակի մասին և, ի վերջո, գտել է «Ատամնաբույժն արևելյանի» թուրքերեն թարգմանված պիեսը, որը հրատարակել է Ստամբուլի «Արազ» հրատարակչությունը»,- նշեց Վերջիհան Զիֆլիօղլուն։
Ռեժիսորը Պարոնյանի պիեսը ներկայացրել է թատրոնի ղեկավարներին, և այն հավանության է արժանացել։
Վերջիհան Զիֆլիօղլուի հետ զրույցներում ռեժիսոր Էնգին Ալջանը և թատրոնի ղեկավար Այշել Շամլօղլուն ընդունել են, որ հայերը մեծ ներդրում ունեն Թուրքիայում թատրոնի զարգացման գործում։
«Հայերն են հիմնել թուրքական թատրոնը։ Մենք պետք է իմանանք մեր անցյալը, եթե ուզում ենք արդիականացում։ Դժբախտաբար, մեր հասարակությունը հիշողություն չունի»,- ասել է Շամլօղլուն։
«Մենք ընդհանուր պատմություն ենք ունեցել հարյուր տարի առաջ, և այդ պատմությունն է մեզ հասցրել մեր օրեր, մենք սովորել ենք գլուխներս թաղել ավազի մեջ, բայց այսպես շարունակել չի կարելի», – Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նշել է ռեժիսոր Ալջանը։
Վերջիհան Զիֆլիօղլուի խոսքերով` Ալջանը և Շամլօղլուն ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել հայաստանցի գործընկերների հետ, «Ատամնաբույժն արևելյան»-ը տանել Հայաստան, թուրք և հայ արվեստագետների հետ բեմադրել համատեղ ներկայացումներ։
Վերջիհանի փոխանցմամբ` սա բեկումնային իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է թուրքական պետական թատրոնում բեմադրվում հայ հեղինակի պիեսը։
Ընդ որում, դա չի լինի միանգամյա ակցիա. ըստ ռեժիսորի` «Ատամնաբույժն արևելյան»-ը որպես մյուզիքլ կընդգրկվի Ստամբուլի քաղաքային թատրոնի 2011-12 թվականների խաղացանկում։









































