Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են հերթական այցը կատարել Ղարաբաղյան տարածաշրջան։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Վերջինիս խոսքերով՝ դեռևս հայտնի չէ համանախագահների տարածաշրջանային այցի ստույգ ժամկետը։ Լուկաշևիչը նշել է, որ ոչ վաղ անցյալում (սեպտեմբերի 7-ին) Վիեննայում ընդունվեց երեք համանախագահների հայտարարությունը, որի առանցքային թեզիսը տարածաշրջանում տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված հավելյալ միջոցներ ձեռնարկելու նրանց մտադրությունն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն հոկտեմբերի վերջին։












































