Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը կարող է տարածաշրջանում պատճառ դառնալ նոր պատերազմի սկսման.
«Միջազգային հանրությունը բոլոր ջանքերը գործադրում է նրա համար, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Սակայն Ադրբեջանի նախագահը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի համբերությունը նույնպես սահման ունի։ Ադրբեջանը չի կարող սպասել, որ գործող ստատուս քվոն անվերջ պահպանվի։ Իր տարածքային ամբողջականության ապահովման համար Ադրբեջանն օգտագործում է իրավական և այլ միջոցներ։
Ադրբեջանին փորձում են զերծ պահել այլ միջոցներից։ Ադրբեջանն առավելագույնս փորձում է օգտվել բանակցային գործընթացից, որպեսզի ձեռնամուխ չլինի ռազմական գործողությունների սկսմանը։ Սակայն եթե ստատուս քվոն չփոխվի, ապա Ադրբեջանն անկասկած կօգտվի իր իրավունքից և մտադիր չէ որևէ մեկին զիջման գնալ»։








































