Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Գարիկ Կարապետյանի, Աշոտ Հարությունյանի, Խաչատուր Մարտիրոսյանի աշխատանքների ցուցադրությունը:
Ցուցահանդեսի համադրողն է մշակութաբան Վարդան Ջալոյանը, կոմիսարը` Գայանե Եղիազարյանը:
Վ. Ջալոյանի խոսքով` ցուցադրությունը անվանելով «Ինստալյացիա»` հեղինակները ձգտել են փոխել օբյեկտը` ներգծելով այն ինստալյացիոն տարածությունում: Վերացական աբստրակցիոնիստական գործը բնօրինակ էր, քանզի ներգծված էր նորմատիվ թանգարանային տարածությունում: Օրինակ` Երևանում Ժամանակակից արվեստի թանգարանի և նրա հավաքածուի հայտնվելը նշանակում էր, որ հայկական մոդեռն արվեստը հասել էր որոշակի ինքնատիպության:
«Այս ցուցադրությունը կառուցված է Պլատոնի քարանձավի նման: Այնտեղ մտնողը պետք է տեսնի ոչ թե երևութականը, ինչն այսօր կայսերականի հոմանիշն է, այլ այն, ինչ ճշմարիտ է»,- համոզված է Ջալոյանը:
Ըստ մշակութաբանի` Գարիկ Կարապետյանը ձգտում է առավելագույնս ֆորմալիզացված վերացական արվեստի` ազատվելով նրա մեջ առկա հնարավոր սուբյեկտիվիզմից և ռոմանտիզմից, Խաչատուր Մարտիրոսյանի արվեստը զարգացել է ձևերի և արտահայտչականության պարզեցման ուղղությամբ, ինչը հանգեցրել է գույնի` սուբյեկտիվության այդ խորհրդանիշի, անհետացմանը: Աշոտ Հարությունյանի համար որպես նյութ ծառայում է շինարարական աղբը, հատկապես` տարբեր տրամաչափի խողովակները:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 21-ը:










































