ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը Ռոբերտ Շուման սրահում այսօր անցկացրեց` «Եվրոպական ինտեգրացիոն մոդելը Հարավային Կովկասում» թեմայով բաց քննարկում-բանավեճ:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը նախ նշեց, որ Հարավային Կովկասը միավորելու փորձեր արվել են, 1990-ականներին այն հայտնվեց պատերազմական վիճակում, իսկ այսօր մենք ապրում ենք ատելության մթնոլորտում, ավելին` նույնիսկ առկա են պատերազմով խնդիրները կարգավորելու ձգտումներ:
«Մենք լսեցինք միավորված Կովկաս արտահայությունը նախագահ Սաակաշվիլիի կողմից, ապա նման գաղափար հնչեց նաև Ալիևի կողմից: Իսկ Հայաստանը բոլորվին վերջերս ուշագրավ հայտարարություն արեց: 2011 թ. սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտահայտեց մի շարք նորարական գաղափար: «Իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը աշխարհին ներկայանում է որպես քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Հավատացած եմ, որ կարող ենք այս փորձը տեղայնացնել նաև Հարավային Կովկասում»,- նշեց Արթուր Ղազինյանը:
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը իր ելույթում նշեց. «Եվրաինտեգրման պրոցեսը տեղի ունեցավ հետպատերազմյան փուլից: Եվրոպական ինտերգրացիան հիմնված է համագործակցության վրա:
Հայաստանը ԵՄ-ի ինտեգրման համար մոդել է հանդիասնում` քաղաքական համակարգային կայունություն, ՀՀ-ն ավելի կայուն է, քան շեքսպիրյան Ադրբեջանը, Հայաստանում չի եղել դեպք, երբ իշխանությունը հորից փոխանցվել է որդուն, մենք չունենք մեկ մարդու իշխանություն, Հայաստանը նաև գոյատևեց ճգնաժամը, երբ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Հայաստանը առաջարկում է խաղաղապահներ, իսկ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարարություններ է անում, այսպիսով ԵՄ-ն հասկանում է, որ Հայաստանը մոտ է եվրոպական արժեքներին: Ինչ վերաբերում է տնտեսական համակարգին, ապա այս առումով Հայաստանը կենտրոն է հանդիսանում: Հայաստանի համար ապագան կախված է ժողովրդավարական բարեփոխումներից և այս առումով մենք բախտավոր ենք, որ նավթ չունենք` ինչպես Ադրբեջանը: ԵՄ-ի համար Հայաստանը ավելի արժեքավոր գործընկեր է»։
ՄԱԿ Հայաստանի գրասենյակի գլխավոր խորհրդական Արմեն Բայբուրթյանը նշեց, որ Հարավային Կովկասը տարածաշրջան միայն աշխարհագրորեն կարելի է համարել, քանի որ տարածաշրջան կարելի է համարել այն երկրները, որոնք միասնական շահեր ունեն, և այդ շահերը ինչ-որ կերպ դրսևորվում են. «Երբ որ առկա են հակամարտություններ, բավական խնդիրներ կան` էներգետիկ, անվտանգության և այլն, շատ դժվար է ինտեգրում պատկերացնել: Այս իրավիճակում որքա՞ն է իրատեսական խոսել ինտեգրման մասին»,- հռետորական հարց ուղղեց Արմեն Բայբուրթյանը` հավելելով, որ «ԵՄ-ն իսկապես մոդել է հանդիսանում աշխարհի տարբեր երկրների համար»:
ԵՄ-ի տարբերությունն այն է, որ տնտեսական ինտեգրումն է առաջնային եղել, հետո միայն` քաղաքական ինտեգրացիան,- նշեց բանախոսը: «Հնարավոր է ԵՄ-ին ինտեգրումը, և պետք է ձգտենք դրան: Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է որոշում, որքան է ընդգրկվում և որ տեսալականի, որ նպատակի համար»,- ամփոփեց բանախոսը:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ Լևոն Բարխուդարյանը խոսեց այն մասին, թե արդյոք ունե՞նք հեռանկար ինտեգրվելու: «Եվրոպան էլ հեշտ չեկավ ինտեգրման գաղափարին: Ինչ վերաբերում է տնտեսական խնդրին, ապա վստահ եմ, որ բոլորը կարող են շահել ինտերգրումից: Մեր պարագայում ինտեգրումը, իհարկե, նշանակում է նաև բաց սահմաններ, և սա դրական ազդակ կլինի ներդրումների համար, քանի որ մեր երկրներն առանձին- առանձին աշխարհի համար ավելի քիչ հետաքրքական են, իսկ որպես միասնական տարածաշրջան այն կլինի գրավիչ: Տնտեսական առումով տարածաշրջանի երկրների համար շահը ակնհայտ է»,- նշեց Լևոն Բարխուդարյանը:







































