«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ չորեքշաբթի երեկոյան Բրյուսելում Եվրահանձնաժողովը հրապարակեց Եվրամիության թեկնածու պետությունների արձանագրած առաջընթացի մասին ամենամյա զեկույցը։
«Թեև Թուրքիան մի շարք բնագավառներում լուրջ առաջընթաց է արձանագրել, այդուհանդերձ, Եվրամիությանն Անկարայի անդամակցության գործընթացը հայտնվել է փակուղում»,- արձանագրում են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Եվրոպական միության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշում էր.- «Թուրքիան իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և տարածաշրջանում խաղացած կարևոր դերակատարությամբ շարունակում է առանցքային նշանակություն ունենալ Եվրամիության համար: Համոզված եմ, որ անդամակցության գործընթացը այն լավագույն միջոցն է, որի հիման վրա պետք է կառուցել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Սակայն, ցավոք, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անդամակցության շուրջ բանակցություններում որևէ տեղաշարժ չկա: Դա, սակայն, իմ կարծիքով, չպետք է ստվերի ո՛չ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունների կարևորությունը, ո՛չ էլ այն դրական հիմքը, որի վրա կառուցված են այդ հարաբերությունները»:
Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ Թուրքիայում հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները ազատ և արդար էին, երկրում շուկայական տնտեսություն է առկա, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում:
Զեկույցի հեղինակները նաև արձանագրում են, որ լուրջ դրական տեղաշարժեր կան հավաքների ազատության ապահովման առումով: Որպես դրա ապացույց` մատնանշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ստամբուլում կազմակերպված միջոցառումների անարգել անցկացումը:
«Որոշակի տեղաշարժ կա կրոնական ազատությունների ապահովման խնդրում,- ասված է փաստաթղթում:- Մասնավորապես՝ այս տարվա սեպտեմբերին, 1915 թվականից ի վեր երկրորդ անգամ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգություն է կազմակերպվել»։
Զեկույցի հեղինակները, սակայն, հավելում են, որ Թուրքիայում բնակվող քրիստոնյաները լուրջ խնդիրների են բախվում հատկապես եկեղեցական կադրերի պատրաստման հարցում: «Հոգևորականների համար հատուկ համալսարանական ֆակուլտետ բացելու` Հայոց պատրիարքարանի առաջարկը արդեն չորս տարի է, ինչ քննարկման փուլում է»,- նկատում են եվրոպացի պաշտոնյաները:
Եվրահանձնաժողովը նաև արձանագրում է, որ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ: «Դրա հետ մեկտեղ, սակայն, 2009-ին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել»,- ասված է փաստաթղթում։
Փաստաթղթի հեղինակները բավական մանրամասն անդրադառնում են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը` արձանագրելով.- «Դինքի ընտանիքի փաստաբանները, հիմնվելով Եվրադատարանի ավելի վաղ կայացված վճռին, պահանջեցին առանձին քննություն անցկացնել, որը հնարավորություն կտա բացահայտել բարձրաստիճան սպայակազմի կապը սպանության հետ: Հետաքննությունը չի անցկացվել, իսկ երկու թուրք նախարարներ հանդես են եկել նման քայլի դեմ»:
«Ընդհանուր առմամբ, փոքրամասնությունների նկատմամբ պետության մոտեցումը շարունակում է սահմանափակող բնույթ կրել: Թուրքիան դեռ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի փոքրամասնությունների հիմնարար իրավունքները, լեզուն և մշակույթը պաշտպանվեն եվրոպական չափանիշներին համապատասխան»,- նշում են զեկույցի հեղինակները:









































