«Ազգ»-ը գրում է, որ Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, որն անցյալ շաբաթ քաղցկեղի հետևանքով 56 տարեկանում իր մահկանացուն կնքեց, ըստ Khabararmani.com արաբերեն կայքէջի, լավ տիրապետում էր հայերեն լեզվին:
«Խորամուխ լինելով լեգենդար գիտնական-գյուտարարի կենսագրության մեջ, հիշյալ կայքէջը վկայակոչում է նրան որդեգրած հայ կնոջ` Կլեր Հակոբյանի կատարած մեծագույն դերը նրա կյանքում և ընդհանրապես նրա հանճարի ձևավորման գործում»,- ապա թերթը հավելում է.
«Ինչպես հայտնի է, և այս մասին «Ազգը» դեռևս Ջոբսի կենդանության օրերին գրել է արդեն, Ջոբսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում և որդեգրվել է Կալիֆոռնիայից (Մաունթեն Վիու) Պոլ և Կլարա Ջոբսերի (վերջինիս օրիորդական ազգանունըՙ Հակոբյան) կողմից, որոնք հետագայում որդեգրել են նաև մի աղջիկ` Պատտի: Սթիվի բիոլոգիական հայրը` Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին, որ Մ. Նահանգներ է գաղթել Սիրիայի Հոմս քաղաքից և ամուսնացել Ջոան Սիմպսոնի հետ, քաղաքագիտության պրոֆեսոր էր, և միասին ունեցել են նաև դուստր` վիպագիր Մոնա Սիմպսոնը: Այդուհանդերձ, Սթիվը բնավ չէր սիրում խոսել իր բիոլոգիական ծնողների մասին, փոխարենը գորովանքով ու երախտագիտությամբ էր արտահայտվում իրեն որդեգրած ծնողների ու հատկապես մոր մասին, որի հարազատ հոգածության ներքո հասակ էր առել ու կրթվել:
Թե որքանով է ստույգ հանճարեղ նորարարի հայերենի իմացության մասին այս տեղեկությունը, կպարզվի շուտով, երբ լույս կտեսնի նրա պաշտոնական և Apple-ի կողմից հավաստագրված կենսագրությունը, որի հեղինակն է CNN-ի նախկին գլխավոր տնօրեն և British Times-ի նախկին խմբագիր Ուալտեր Իսաակսոնը: Գիրքը կոչվում է «iSteve: The Book of Jobs»»:










































