Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մասնակցել է Ստամբուլի համալսարանի (İÜ) բացման արարողակարգին։
Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ամեն ինչում օրինակ ծառայի՝ սկսած Սահմանադրությունից. «Երբ եկավ ժամանակը, կառավարությունն ընդգծեց, որ ժամանակն է փոխել այն, ինչը Թուրքիայում չի գնում իր ընթացքով։
Մենք բյուջեից կրթական ոլորտին հատկացնում ենք այնքան, որքան դա անհրաժեշտ է։ Եթե մեր իշխանության առաջին տարիներին առաջնահերթը երկրի պաշտպանությունն էր, ապա ներկայումս առաջին պլան է մղվել կրթությունը։
Ներկայումս երկրում գործում է 165 համալսարան։ Տնտեսական ճգնաժամն ազդել է շատ երկրների վրա, բայց ոչ Թուրքիայի վրա։ Թուրքիան աճում ու զարգանում է։ Մենք կարիք ունենք ազատ մտածող երիտասարդության։ Ժողովրդավարությունն այլևս քննարկման առարկա չէ։ Վերացվել են ժողովրդական կամքի արտահայտման ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները։ Թուրքիան պետք է օրինակ ծառայի ամեն ինչում՝ սկսած երկրի Սահմանադրությունից»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը թուրքական կառավարությանը հրահանգել էր նոր Սահմանադրության նախագիծը մշակել 2012 թվականի առաջին կիսամյակում. «Խորհրդարանական նոր նստաշրջանի սկսվելուց (հոկտեմբերի 1) հետո մենք անմիջականորեն կենտրոնանալու ենք նոր Սահմանադրության վրա։ Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ կհաջողվի այդ գործընթացն ավարտել 2012 թվականի առաջին կեսին»։
Ի դեպ, Թուրքիան այդ նպատակով պետք է ուսումնասիրի 60 երկրների Սահմանադրություն։







































