Սիրիայի նախագահի տասնյակ հազարավոր կողմնակիցներ այսօր դուրս են եկել Դամասկոսի փողոցներ` իրենց զորակցությունը հայտնելով իշխող վարչակարգին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ դրանով ցանկանում են ցույց տալ ընդդիմությանը և ամբողջ աշխարհին, որ Ասադը դեռ պետք է ժողովրդին: Բացի այդ, նրանք շնորհակալություն են հայտնել Չինաստանին և Ռուսաստանին, որոնք անցյալ շաբաթ արգելափակեցին ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ ցուցարարները սիրիական դրոշի հետ ծածանել են նաև չինական ու ռուսական դրոշներ: Նրանցից ոմանք կրում էին շապիկներ Ասադի նկարով՝ «Մենք քեզ սիրում ենք» գրությամբ: Ակցիային մասնակցել են նաև ուսուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ:










































