Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Թռչկանի ջրվեժի մոտ ծանր տեխնիկա է բերվել: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը այսօր մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով. «Տվյալ շահագործողը՝ «Ռոբին-շինը», արդեն ունի բոլոր փաստաթղթերը աշխատանքներ իրականացնելու համար: Վերջերս էլ նախարարն այցելել է Թռչկան, ուսումնասիրել և եկել այն եզրահանգման, որ ամեն դեպքում բնության այդ հրաշքը պետք է պահպանվի: Այսինքն՝ ՀԷԿ-ը կկառուցվի, բայց չպետք է վնասի ջրվեժին: Արդյունքում ջրվեժից պետք է վերցվի ավելորդ ջուրը: Խիստ հսկողություն է սահմանվելու տվյալ դեպքում, և ամառային սեզոնին, երբ ջուրը քչանում է, ՀԷԿ-ը չի աշխատելու: Միայն կաշխատի այն դեպքում, երբ ջուրը սեզոնի հետ կապված կավելանա, և կազմակերպությունը ավել ջուրը կվերցնի շահագործելու համար»:
Մամլո քարտուղարը նաև ընդգծեց, որ շահագործումը պետք է իրականացվի բնապահպանական սահմանափակումներով: «Ջրվեժին եթե վնաս եղավ, ապա միանշանակ այդ ՀԷԿ-ը չի աշխատելու»,- ավելացրեց Հասմիկ Մկրտչյանը:










































